Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փոքր ու միջին բիզնեսի աչքը ջուր կտրեց

Փոքր ու միջին բիզնեսի աչքը ջուր կտրեց
29.05.2009 | 00:00

ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կարծես, կայունացման շրջան է մտնում: Համենայն դեպս, դա արդեն իսկ զգացվում է աշխարհի խոշորագույն պետություններում` ԱՄՆ, Եվրամիության երկրներ, Ճապոնիա: Դա է փաստում նաև վերջին երկու ամսում այդ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի բորսաներում նկատվող արժեթղթերի աճը: Թեև սրանք դրական միտումներ են, բայց չի կարելի ասել, թե ճգնաժամը հաղթահարվել է: Մասնավորապես, Ռուսաստանը դեռևս չի հասել տնտեսական ակտիվության անկման վերջնակետին:
Ծանր է իրավիճակը նաև Հայաստանում, որտեղ միայն այս տարվա երեք ամիսների կտրվածքով համախառն ներքին արդյունքը կրճատվել է 9,7 տոկոսով, և, ըստ կանխատեսումների, ճգնաժամի գագաթնակետը Հայաստանում կգրանցվի կամ այս տարվա չորրորդ եռամսյակում, կամ հաջորդ տարվա սկզբին:
Ինչևէ, եթե հետևենք աշխարհի այլ երկրներում տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերին, ապա առաջինը, ինչն աչքի է զարնում, փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը միտված ծրագրերն են: Կարծիք կա, թե այս ճգնաժամից հետո աշխարհում ավարտվելու է «միլիարդատերերի դարաշրջանը», և տնտեսության մեջ ավելի մեծ դերակատարում է ստանձնելու փոքր ու միջին բիզնեսը:
Սա գլխի են ընկել նաև Ռուսաստանում, որտեղ վերջին տասնամյակում միլիարդատերերի թիվը տասնապատկվեց, սակայն տնտեսական ճգնաժամը եկավ ապացուցելու, որ զարգացման այդ ուղին իրեն ամենևին չի արդարացնում, և հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել փոքր ու միջին բիզնեսին: Մասնավորապես, չնայած բարդ իրավիճակին, Ռուսաստանի կառավարությունը փոքր ու միջին բիզնեսի համար գնաց 500 մլրդ ռուբլու չափով հարկային բեռի թեթևացման, հարյուր միլիարդավոր ռուբլիների վարկային միջոցներ հատկացրեց փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Վարչապետ Պուտինն էլ հատուկ հրահանգեց, որ մասնավոր բանկերի միջոցով փոքր ու միջին բիզնեսին աջակցելու նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները չգերազանցեն 16 տոկոսը: Իսկ վերջերս փոքր ու միջին ձեռնարկատերերի համար պարզեցված հարկի 30 մլն ռուբլու շեմը բարձրացվեց 60 մլն-ի, և այդ չափը չգերազանցող ձեռնարկատերերն ավելացված արժեքի հարկ չեն մուծելու:
Իսկ Հայաստանում, կարծես, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ծրագրերն առաջ չեն գնում, և ինչքան էլ կառավարությունն արձանագրի, թե «հակաճգնաժամային» միջոցառումների շրջանակում աջակցում է փոքր ու միջին բիզնեսին, պետք է փաստել, որ «անունը կա, ամանում չկա»: Դեռևս 2008-ին փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը հատկացված 17 մլրդ դրամի վարկային միջոցներից շատ քչերն են օգտվել, իսկ «հակաճգնաժամային» հանձնաժողով դիմած բազմաթիվ գործարարների ծրագրերը թեև հաստատվել են, սակայն դրանք գումարային տեսք չեն ստանում, և նրանք էլ չեն կարողանում ստանալ նախատեսված վարկային միջոցները:
Իսկ ի՞նչ անի փոքր ու միջին բիզնեսը: Առևտրային բանկերը, որոնք թեև տիրապետում են բավարար վարկային միջոցների, սակայն չեն ֆինանսավորում փոքր ու միջին բիզնեսը, քանի որ, ինչպես նշեց տեղական բանկերից մեկի պատասխանատուն, «վարկային միջոցներ կան, սակայն լավ վարկառու չկա»: Այսինքն, մասնավոր բանկերի համար փոքր ու միջին բիզնեսին վարկեր տրամադրելը մեծ ռիսկեր է պարունակում: Այս պարագայում միակ աջակիցն է մնում պետությունը, որը նաև հենց այդ միջին ու փոքր բիզնեսի հաշվին է հարկեր հավաքագրում, և դրա շարունակականության համար անհրաժեշտ է գոնե վարկերի միջոցով աջակցել այդ շերտին: Սակայն նույնիսկ Համաշխարհային բանկի` փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը տրամադրած գումարները սպառողին չեն հասնում, իսկ դրանք տնօրինող Կենտրոնական բանկը տրամադրված 50 մլն դոլարը հայաստանյան 8 առևտրային բանկերի միջոցով պետք է հատկացներ փոքր ու միջին բիզնեսին: Համաձայնագրի ստորագրումից անցել է մոտ 2 ամիս, սակայն խոսքն այդպես էլ գործի չի վերածվում, և առևտրային բանկերը դեռևս չեն ստացել այդ գումարները:
Ինչ վերաբերում է ՌԴ կառավարության տրամադրած 500 մլն դոլար վարկից փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված 30 մլն դոլարին, որն այս պարագայում պետք է տնօրինի ՓՄՁ ԶԱԿ-ից առանձնացված հատուկ ստորաբաժանումը, կարելի է ենթադրել, որ այն կարժանանա նախորդ երկու ծրագրերի ճակատագրին, քանի որ այս ժամանակահատվածում փոքր ու միջին բիզնեսն այդպես էլ չզգաց խոստացված պետական վարկային միջոցների «համը»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4010

Մեկնաբանություններ